Լոգոպեդական ծառայություն ստանում են անձինք, ովքեր ունեն խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման դժվարություններ (խոսքի ընկալման, ինքնուրույն խոսքի, բառապաշարի, քերականական կառույցների, արտաբերական ապարատի, գրավոր խոսքով պայմանավորված դժվարություններ): Լոգոպեդական ծառայության մեջ առանձին մաս է կազմում նաև կլման (սննդի կուլ տալու) ակտի դժվարություների հաղթահարմանն ուղղված աշխատանքները:
Ընդհանրապես անհատի խոսքի զարգացումը շարունակական գործընթաց է, իսկ խոսքային խանգարումներ կարող են ի հայտ գալ խոսքի զարգացման տարբեր փուլերում և տարբեր տարիքներում։ Հետևաբար լոգոպեդին դիմելու անհրաժեշտությունը կարող է առաջանալ տարբեր իրավիճակներում, օրինակ․
- երբ խոսքի զարգացումը դանդաղում է կամ կանգ է առնում ինչ-որ փուլում,
- երբ առկա են հնչարտաբերման դժվարություններ,
- երբ առկա են խոսքի իմաստային ընկալման հետ կապված դժվարություններ,
- երբ խոսքը չի ծառայում որպես հաղորդակցման միջոց,
- երբ խոսքում առկա են նախկինում լսած բառերի կամ արտահայտությունների ոչ տեղին կրկնություններ,
- երբ առկա են գրի, ընթերցանության հետ կապված դժվարություններ և այլն։
Խոսքի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ նաև գանգուղեղային վնասվածքների կամ տարբեր նյարդաբանական խնդիրների հետևանքով։
Այցից առաջ․ Լոգոպեդի մոտ խորհրդատվության գրանցվելիս շատ կարևոր է նախապես ներկայացնել Ձեզ անհանգստացնող հարցը, որպեսզի մասնագետը կարողանա պատրաստվել այցելուի հետ առաջին հանդիպմանը, օրինակ՝ նախապատրաստի համապատասխան խաղ-առաջադրանքներ, համապատասխանեցնի տարածքը գալիք աշխատանքի պահանջներին, վերադասավորի սենյակի գույքը և այլն։
Առաջին հանդիպման ժամանակ մասնագետը ծանոթանում է այցելու հետ՝ առաջարկելով տարիքին և կարողություններին համապատասխան առաջադրանքներ, հավաքում է տվյալներ այցելուի ընդհանուր զարգացման, կարողությունների, նախասիրությունների և, իհարկե, դժվարությունների մասին։ Հանդիպման ընթացքում ծնողների/խնամակալների հետ պարտադիր քննարկում են իրենց հուզող հարցերը և պայմանավորվում հետագա քայլերի, աշխատանքի նպատակի և համատեղ աշխատանքի ընթացքում ծնոնղների/խնամակալների դերի մասին:
Աշխատանքի հաջողության մեջ շատ կարևոր է մասնագետի ընտրությունը․ պետք է հաշվի առնել ոչ միայն նրա կրթությունն ու փորձը, այլև մի շարք այլ կարևոր գործոններ․
- ինչպես է կոնտակտ հաստատում երեխայի հետ,
- ինչպես է կարողանում հաղորդակցվել երեխայի և ծնողների հետ,
- ինչպես և ինչ մեթոդներով է պլանավորում իրականացնել քննարկված քայլերը՝ նպատակին հասնելու համար։
Հիշե՛ք՝ լոգոպեդը չի առաջարկում դեղորայքային բուժում, չի իրականացնում բժշկական միջամտություններ, քանի որ լոգոպեդները չունեն բժշկական կրթություն:
Ցանկացած խնդրի դեպքում վաղ միջամտությունը և մասնագետ-երեխա-ծնող համագործակցությունը ամենարդյունավետն է։

