Առցանց ձևաչափը վերջին տարիներին դարձել է հոգեբանական աջակցության տրամադրման տարածված ձև, հատկապես COVID-ից հետո։ Մարդիկ հաճախ հարցնում են, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ՝ առկա, թե առցանց: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ երկու տարբերակներն էլ արդյունավետ են։
Ամենակարևորը մասնագետի հետ շփումն է, աշխատանքի մեթոդը և հենց այցելուի մոտիվացիան ու հարմարավետությունը։
Ամեն դեպքում, առցանց հոգեթերապիան ունի իր առանձնահատկությունները և լրացուցիչ պայմանները, որոնք պետք է հաշվի առնել։
Առցանց հանդիպման համար հարկավոր է ապահովել․
- կայուն ինտերնետ կապ,
- համակարգիչ կամ բջջային հեռախոս,
- տեսախցիկ,
- խոսափող,
- և ամենակարևորը՝ լուռ, մեկուսի վայր, որտեղ դուք կգտնվեք մենակ և կկարողանաք հանգիստ խոսել՝ առանց մտահոգվելու, որ ձեզ կարող են լսում են։
Քանի որ ամեն դեպքում հնարավոր են տեխնիկական խնդիրներ (անկայուն ինտերնետ կապ, սարքավորումների հետ խնդիրներ, ինչը պատահում է), անհրաժեշտ է նախապես քննարկել, թե ինչ անել այդ դեպքում։
Առցանց հոգեթերապիան ունի որոշ առավելություններ։ Ամենակարևորների թվում է տարածքային և ժամանակային ճկունությունը, որն ընդլայնում է մասնագետի ընտրության հնարավորությունը՝ հաշվի առնելով մշակութային և լեզվական առանձնահատկությունները։ Օրինակ՝ ապրելով Հայաստանից դուրս, դուք կարող եք աշխատել հայ մասնագետի հետ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի ցանկացած ծայրում ապրող ու աշխատող հայ հոգեբանի հետ։ Թերապիայի առցանց ձևաչափի ընտրության մեկ այլ պատճառ կարող է լինել այցելուի տեղաշարժվելու ֆիզիկական սահմանափակումը՝ ժամանակավոր կամ մշտական։ Եվ վերջապես, տևական ճամփորդությունների ու գործուղումների ժամանակ, եթե չեք ցանկանում ընդհատել հոգեբանի հետ աշխատանքը, օգնության են գալիս առցանց սեսսիաները։
Կան նաև որոշակի սահմանափակումներ։ Դրանցից է միմյանց հետ ոչ վերբալ հաղորդակցման (ժեստերի, դեմքի արտահայտությունների, աչքի կոնտակտի) պակասը։ Կենդանի շփումը ապահովում է մարդ – մարդ հաղորդակցման լավագույն ձևաչափը և առավել նախընտրելի է հատկապես աջակցող մասնագիտությունների դեպքում։
Կան նաև դեպքեր, երբ նպատակահարմար չէ, առցանց աշխատելը (երբեմն նույնիսկ ռիսկային է), իսկ անմիջական ներկայությունն անհրաժեշտ է ավելի անվտանգ համագործակցության համար: Յուրաքանչյուր դեպք եզակի է, և նախքան առկա կամ առցանց աշխատանքի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը կարևոր է այցելուի վիճակի գնահատումը։ Միայն դրանից հետո մասնագետը այցելուի հետ քննարկում է աշխատանքի ամենահարմար և արդյունավետ ձևաչափը: Իսկ եթե սահմանափակումներ չկան, և ձեր ընտրած մասնագետը աշխատում է թե՛ առկա, թե՛ առցանց ձևաչափով, ուրեմն հենց դուք էլ որոշում եք հարմար ձևաչափը։
«Լիբրայի» մասնագետները աշխատում են թե՛ առկա՝ Երևանի Կոմիտաս 12 հասցեում գտնվող իրենց կենտրոնում, թե՛ առցանց, հասանելի բոլոր հավելվածներով։ Գրանցե՛ք ձեր առաջին խորհրդատվությունը հիմա՝ թողնելով հայտ ստորև կոճակով։ Մեր կենտրոնի համակարգողը կօգնի մի քանի րոպեում կողմնորոշվել, թե «Լիբրայի» մասնագետներից ով կարող է օգնել ձեր հայցով կամ խնդրով, ապա հնարավոր ամենասեղմ ժամկետում կառաջարկի հանդիպման օրն ու ժամը։

