Երբեմն մարդու կյանքում առաջացած դժվարությունները կարող են վերաճել հոգեբանական անհանգստության, ընկճվածության, տագնապի կամ ինքնության հետ կապված հարցերի։ Այսպիսի իրավիճակներում հոգեթերապիան կարող է լինել արդյունավետ և աջակցող ճանապարհ՝ ներքին հստակեցման, ինքնազգացողության բարելավման և անձնային աճի համար։
Անհատական թերապիան վստահելի մասնագետի հետ ուղղորդված, անվտանգ և չդատող միջավայրում աշխատելու հնարավորությունն է։ Թերապիայի ընթացքում մարդը կարող է խոսել իր ապրումների, մտքերի, վախերի, ներքին հակասությունների մասին՝ չվախենալով, որ իրեն կգնահատեն կամ կպիտակավորեն։ Դա գործընթաց է, որը նպաստում է հուզական վիճակի կարգավորմանը, ինքնաճանաչողության խորացմանը, անձնային աճին, կյանքում կայացվող որոշումների հստակեցմանը։
Երբ դիմել անհատական թերապիայի
- Երբ առկա են մշտական սթրես, տագնապ կամ ընկճվածություն
- Երբ զգացվում է ներքին դատարկություն կամ կյանքի իմաստի կորստի զգացում
- Երբ դժվարանում են միջանձնային հարաբերությունները՝ ընտանիքում, աշխատավայրում, այլ միջավայրում
- Երբ առկա են ինքնագնահատականի հետ խնդիրներ, մեղավորության կամ անարժանության զգացողություններ
- Երբ մարդը հայտնվել է փոփոխությունների փուլում (քրոնիկ հիվանդություն, աշխատանքային կամ անձնական կորուստներ, նոր փուլերի մեկնարկ և այլն) և դժվարանում է կողմնորոշվել
- Երբ կրկնվում են անցյալի ցավոտ փորձառությունները կամ չեն թողնում առաջ շարժվել
Անհատական թերապիայի գլխավոր նպատակներից է օգնել մարդուն հասկանալ իր ապրումները, բացահայտել դրանց պատճառները, ձևավորել նոր վերաբերմունք իր և շրջակա աշխարհի նկատմամբ, զարգացնել հմտություններ՝ կյանքում կայունություն և հոգեկան հավասարակշռություն պահպանելու համար։
Ինչ սպասել թերապիայից
Թերապիան չի առաջարկում պատրաստի լուծումներ կամ արագ փոփոխություններ։ Դա համատեղ աշխատանք է, որը պահանջում է ժամանակ, մասնակցություն և ներգրավվածություն։ Թերապևտը չի տալիս խորհուրդներ, այլ հարցերի ու հարցադրումների միջոցով օգնում է, որ մարդը ինքնուրույն բացահայտի իր ներքին ռեսուրսները, կարողանա այլ կերպ տեսնել խնդիրները և գտնել իրեն հարմար լուծումները։
Հանդիպումները տևում են 50-60 րոպե։ Հաճախականությունը կախված է այցելուի կարիքներից, սակայն սովորաբար թերապիան իրականացվում է շաբաթական 1 անգամ։ Հանդիպումների ընդհանուր տևողությունը կախված է խնդրի խորությունից, այցելուի նպատակներից և գործընթացի դինամիկայից։
Գաղտնիություն և անվտանգություն
Հոգեթերապիայի գործընթացը կառուցված է վստահության և կոնֆիդենցիալության վրա։ Այցելուի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը պաշտպանված է գաղտնիության սկզբունքով և չի կարող փոխանցվել երրորդ կողմին՝ առանց նրա թույլտվության։ Մասնագետը կարող է խախտել այս սկզբունքը միայն, եթե այցելուն ունի իր / այլոց առողջությանը / կյանքին վնաս պատճառելու մտքեր, մտադրություն, կամ այցելուն պատմում է իր / այլոց կողմից հանցագործության, երեխաների կամ մեծերի նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Այս դեպքերում մասնագետը կարող է քննարկվել իրավասու մասնագետների և այցելուի հարազատների հետ աշխատանքի ընթացքում ստացած տեղեկությունները՝ մասնակի, ոչ ամբողջական, այն չափով, որը պահանջվում է այցելուի լավագույն շահի համար։
«Լիբրա» կենտրոնում անհատական հոգեթերապիայի կարող եք գրանցվել ստորև կոճակի օգնությամբ կամ զանգահարելով +374 94 224 223 հեռախոսահամարով։ Մեր կենտրոնի համակարգողը կօգնի մի քանի րոպեում կողմնորոշվել, թե «Լիբրայի» մասնագետներից ով կարող է օգնել ձեր հայցով կամ խնդրով, ապա հնարավոր ամենասեղմ ժամկետում կառաջարկի հանդիպման օրն ու ժամը։

