Ցանկացած զույգ, ինչպես և ցանկացած անձ, հիմնականում ունի բավականաչափ ներքին ռեսուրսներ և պոտենցիալ՝ շատ խնդիրներ ինքնուրույն հաղթահարելու համար, սակայն երբեմն առաջանում է աջակցության և ուղղորդման անհրաժեշտություն, և դա միանգամայն նորմալ երևույթ է՝ ինչպես ֆիզիոլոգիական գանգատների դեպքում բժշկական օգնության դիմելը։
Հայաստանում օրեցօր ավելի լայն տարածում է ստանում զույգային հոգեթերապիան։ Ամրապնդվում այն գիտակցումը, որ կարելի է դիմել հոգեբանական աջակցության ոչ միայն անձնային խնդիրների դեպքում, այլ նաև հարաբերությունների հետ կապված՝ զուգընկերոջ հետ համատեղ։
Զույգային հոգեթերապիան ուղղված է ստեղծելու ապահով և վստահելի միջավայր, որտեղ զուգընկերները կկարողանան լսել միմյանց՝ կենտրոնանալով հույզերի, կարիքների կառուցողական արտահայտման, սահմանների հստակեցման վրա։ Այն օգնում է ավելի արդյունավետ հաղորդակցվել, հաղթահարել հարաբերություններում առաջացող ճգնաժամերը, վերակառուցել վստահությունը, ստեղծել անհամաձայնությունների հաղթահարման ավելի առողջ մեխանիզմներ։
Ե՞րբ դիմել զույգային հոգեթերապիայի
- Երբ դժվարացել է հաղորդակցումը, սկսել են գերակշռել բացասական հույզերը
- Երբ հաճախակի են դարձել ոչ կառուցողական վեճերն ու կոնֆլիկտները
- Երբ առաջացել է հուզական մեկուսացում, պատնեշ
- Ընտանիքում սթրեսային իրադարձություններից հետո, որոնք բացասաբար են ազդել հարաբերությունների վրա (դավաճանություն, կորուստ և այլն)
- Երբ առաջացել են խնդիրներ սեռական ոլորտում (որոնք պայմանավորված չեն ֆիզիոլոգիական պատճառներով)
- Երբ հարաբերություններում կորել է մտերմության, կապվածության զգացումը
- Երբ հաճախակի են դարձել բաժանության մասին մտքերը, սակայն կա ակնկալիք, որ հնարավոր է փրկել հարաբերությունները
Կարևոր է հիշել, որ զույգային հոգեթերապիայում, ինչպես և ցանկացած տեսակի հոգեթերապիայում, չկա դեղահաբ, որն անմիջապես՝ մեկ հանդիպումով արդյունք տա։ Սա աշխատանք և ներգրավվածություն պահանջող գործընթաց է և արդյունավետ է, երբ երկուսի կողմից էլ կա ցանկություն՝ հարաբերությունները փոխելու, առողջացնելու, ավելի լավը դարձնելու։
Եթե նկարագրված իրավիճակները ծանոթ էին, եթե աջակցության կարիքը զգում եք, կարող եք թողնել հայտ ստորև կոճակով՝ զույգային թերապևտի հետ առաջնային խորհրդատվություն անցկացնելու համար։ Մեր կենտրոնի համակարգողը կօգնի մի քանի րոպեում կողմնորոշվել, թե «Լիբրայի» մասնագետներից ով կարող է օգնել ձեր հայցով կամ խնդրով, ապա հնարավոր ամենասեղմ ժամկետում կառաջարկի առաջին հանդիպման օրն ու ժամը։

