Անհանգիստ, տագնապային պահերին ունեցեք մի քանի կանոն, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը:
1. Կտրվեք լուրերից: Դուրս եկեք սոցցանցերի պատերից, մի թերթեք անվերջ նկարներ ցույցերից, կարճ ասած՝ եթե վտանգը հենց այս պահին չի թակում ձեր դուռը (բառացիորեն), ապա 24 ժամով կտրվեք լուրերից: Հավատացե՛ք․ երրորդ համաշխարհայինի կամ նոր ջրհեղեղի մասին ձեզ, միևնույնն է, կգտնեն ու կտեղեկացնեն:
2. Գնացեք ռեսուրսային վայր կամ մարդկանց մոտ: Գյուղ, գրադարան, եկեղեցի, մանկության ընկերոջ մոտ․ առհասարակ լավ կլինի ունենաք ձեր մտքում կամ գրած հստակ վայրեր ու մարդկանց անուններ, ուր / ում մոտ կարող եք գնալ ու հանգստանալ, թուլանալ, լինել այնպիսին, ինչպիսին կաք:
3. Պարզեք՝ կոնկրետ որտեղ է ապրում ձեր տագնապը: Անհանգստությունը, բացի հուզականից, նաև մարմնական զգացողություն է, ուրեմն հենց սկսում է գլուխ բարձրացնել, կանգ առեք և ստուգեք՝ ձեր ներսում կոնկրետ որտեղ է այն զգացվում: Մեկի մոտ դա կարող է ստամոքսը լինել, մյուսի՝ ոտքերը կամ կոկորդը: Գտա՞ք: Ուղղակի հետևեք ձեր զգացողություններին՝ կարծես դրանք ձեզանից անջատ մի բան են: Պարզապես կողքից նայեք: Դա սովորաբար օգնում է:
4. Եթե տագնապն այնքան ուժեղ է, որ կա մղում ինչ-որ բան անելու՝ շարժվելու, փախչելու, ապա արեք: Տան մաքրություն, վազք շենքի կողքով․․․ օգնում է:
5. Առեք ձեզ ձեր գիրկը: Կարելի է սիրած մարդուն խնդրել, որ գրկի ձեզ: Կարելի է փափուկ պլեդի մեջ ամուր փաթաթվել ու պառկել: Կարելի է EMDR-ից «թիթեռնիկի» վարժությունն անել (նայեք գուգլում):
6. Արտաշնչեք: Այո՛, հենց արտաշնչեք: Ներշունչն ինքն իրեն կլինի: Փուչիկներ գնեք ու ամեն օրվա սկիզբ կամ վերջ մի հատ փչեք՝ ամեն արտաշնչելուց պատկերացնելով, որ բացասական ու տագնապային ամեն ինչը տալիս եք փուչիկին, լցնում մեջն ու ամուր կապում բերանը:
7. Ջուր, հյութ, շատ հեղուկ: Պարզ սկզբունքով․ եթե արյան մեջ շատացել է ադրենալինն ու կորտիզոլը, պետք է ջրիկացնել:
🟩 «Լիբրա». առողջ հոգին կարևոր է
◾️Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞 +374 94 224 223




