
Ինչպե՞ս հասկանալ
որ ունեք հոգեբանական աջակցության կարիք և ինչպես դիմել առաջին խորհրդատվության։
Հոգեբանի մոտ շատերը գալիս են, երբ հոգեկան ապրումները սկսում են խանգարել ապրել նորմալ կյանքով, երբ իրենք իրենց բազմիցս ասել են՝ «դե կանցնի, լավ», բայց չի անցել, երբ խոսել են ընկերների, հարազատների հետ, բայց չի օգնել։ Արդյունքում գալիս է մի կետ, որից հետո հուզական ծանրաբեռնվածությունը սկսում է ազդել ամեն ինչի վրա։ Ցավն ու ապրումները, մտքերն ու վախերը սկսում են խլել էներգիա՝ չթողնելով ապրել որակյալ կյանքոցվ, աշխատել, հանգստանալ, ուրախանալ, վայելել կյանքը։ Հաճախ այս ամենին կարող են միանալ նաև ֆիզիկական գանգատները, որոնց բժշկական պատճառները չեն գտնվում․ քնի խանգարումներ, մկանային լարվածություն, քաշի փոփոխություն։
Հոգեբանի դիմելու պատճառները կարող են շատ տարբեր լինել։ Ոմանք գալիս են, երբ
- հարաբերությունների մեջ չլուծվող բախումներ կան
- կյանքի մի փուլից մյուսն են անցում կատարում (ամուսնություն, մայրություն, բաժանում, վիշտ, միգրացիա)
- կարիերայի հետ կապված կասկածներ ունեն
- ծնող լինելու պատասխանատվությունը վախ է առաջացնում
Մյուսները գալիս են, որովհետև չեն հասկանում՝ ինչ են զգում։ Ամեն բան կարծես նորմալ է, բայց ներսում՝ դատարկություն։ Մարդիկ հաճախ ձևակերպում են այսպես.
- «Չգիտեմ՝ ինչ է ինձ հետ կատարվում»
- «Գրեթե ամեն ինչից նյարդայնանում եմ»
- «Մեկ րոպե առաջ ուրախ էի, հաջորդ պահին՝ լացում եմ»
- «Հոգնել եմ… մարմնով, մտքով, ամբողջությամբ»
Երբեմն մարդիկ չեն ուզում ոչ մեկին պատմել ներսի կատարվածտ, բայց չեն էլ ուզում մնալ այդ վիճակում։ Ու պետք է մեկը, ով կլսի, ով չի քննադատի, ով խորհուրդներ չի տա, այլ կպգնի մարդուն լսել ինքն իրեն։
Ոմանք էլ գալիս են, որովհետև տարիներ շարունակ կուտակված է ցավը, ու վերջապես ուզում են կանգ առնել ու ասել՝ «Էլ չեմ կարողանում, չեմ դիմանում այսպես»։
Խնդիրը կարող է ինքն իրեն անցնել։ Կարող է և չանցնել։ Շատ մեծ տարբերություն կա ցավի կամ խնդրի հետ ապրել սովորելու և լիարժեք ապաքինման միջև։ Երբեմն մարդը սպասում է, մինչև այն կետը, որ խնդիրն այնքան է սրվում, որ թերապիան դառնում է անխուսափելի, երկարում է, պահանջում շատ ջանքեր, ժամանակ, գումարներ։ Ժամանակին սկսած թերապիան օգնում է բացահայտել խնդրի արմատը, կանխարգելել բարդ իրավիճակները, գտնել ռեսուրսներ ու լուծումներ, որոնք հարմար են հենց տվյալ մարդու համար և որոնք կօգնեն ապրել ավելի արդյունավետ ու լիարժեք կյանքով։ Ինչու՞ սպասել, մինչև ամեն ինչ փլվի, եթե կարելի է շտկել, երբ դեռ միայն ճաքերն են երևում։
Ձեզ նաև կարող է հետաքրքրել
Ի՞նչ սպասել
հոգեբանի հետ առաջին հանդիպմանը և ինչը պետք է պարտադիր իմանալ՝ այց գրանցելիս։...
Ինչպե՞ս ընտրել
հոգեբանին, ինչի՞ն ուշադրություն դարձնել և ինչպե՞ս զգալ՝ «սա ի՛մ հոգեբանն է»։...


