
Ի՞նչ սպասել
հոգեբանի հետ առաջին հանդիպմանը և ինչը պետք է պարտադիր իմանալ՝ այց գրանցելիս։
Առաջին հանդիպումը սովորաբար նվիրվում է այցելուի և մասնագետի ծանոթությանը, այցելուի հայցի (հոգեբանի հետ համատեղ աշխատանքի ակնկալիքների և ցանկությունների) և համատեղ աշխատանքի նպատակի/ների դուրսբերմանը (այն արդյունքը, որին դուք ուզում եք հասնել հոգեբանի հետ աշխատանքի ավարտին), ինչպես նաև տեխնիկական և կազմակերպչական հարցերի քննարկմանը (օրեր, ժամեր, տևողություն, հաճախականություն, ձևաչափ՝ առկա կամ առցանց, էթիկական կանոններ, հանդիպումների չեղարկում, ուշացում և այլն)։
Ինչպե՞ս պատրաստվել առաջին հանդիպմանը
Հատուկ պատրաստվելու կարիք չկա, կարևոր է վստահել պրոցեսին, բայց եթե ընթացքում անհանգստություն զգաք կամ հարցեր առաջանան, ուշադրություն դարձրեք դրան, և կարևոր կլինի դրանց մասին ասել հոգեբանին։ Ամեն դեպքում ստորև տալիս ենք մի քանի կետ, որոնք ևս կարող են օգտակար լինել։
- Մտածեք հիմնական կետերի մասին, որոնք կյանքի այս փուլում ձեզ անհանգստացնում, խանգարում, մտահոգում են։
- Մտածեք ձեր ակնկալիքների մասին, թե ինչ եք ցանկանում ստանալ հոգեբանի հետ աշխատանքից, ինչ փոփոխություններ եք սպասում և ինչպես դուք կհասկանաք, որ հասել եք նպատակին։
- Հուզական առումով պատրաստ եղեք խոսել ձեր, ձեր զգացմունքների, մտավախությունների, հարաբերությունների, վարքի մասին։
Ի՞նչ է տեղի ունենում առաջին հանդիպմանը
- Մասնագետը նախ ներկայացում է իրեն, իր մասնագիտական որակավորումները, աշխատանքի ուղղությունները, մեթոդները, էթիկական հիմնական կանոնները (հարգանք և խտրականության բացառում, գաղտնիություն, կոմպետենտություն, անկեղծություն և այլն)։ Ապա քննարկում եք համատեղ աշխատանքի համաձայնագրի հիմնական կետերը (հանդիպումների հաճախականություն, օր ու ժամ, ուշանալու, վճարելու, չեղարկելու կարգը և այլն)։
- Դուք կարող եք հարցեր տալ, եթե որևէ բան անպարզ մնաց
- Ապա հոգեբանը խնդրում է ձեզ պատմել ձեր, ձեզ անհանգստացնող հարցերի, խնդիրների մասին, ճշգրտող հարցեր է տալիս, որպեսզի ավելի լավ հասկանա ձեր իրավիճակը, պատմությունը, ձեր հոգեհուզական վիճակը, ինչը կօգնի առավել ճիշտ և արդյունավետ աշխատանք կառուցել ձեզ հետ։
- Հոգեբանի հետ համատեղ դուք ձևակերպում և սահմանում եք աշխատանքի նպատակը/ները։ Երբեմն նպատակի ձևակերպման համար կարող է մեկից ավելի հանդիպում պահանջվել, դա նորմալ է։ Կարևոր է հասկանալ, որ նպատակի ձևավորումը նման է ծրագրվող ճամփորդության վերջնակետի սահմանմանը․ երբ մարդը գիտի՝ որտեղ չի ուզում լինել, բայց դժվարանում է ձևակերպել, թե ուր է ուզում հասնել, դժվար կլինի այդտեղ հասնելը։ Եվ նշանակետի ձևակերպման համար կարող է մինչև 4-5 հանդիպում պետք լինել։
- Հանդիպման ավարտին դուք կարող եք պայմանավորվել հաջորդ այցի համար, եթե ունեք պատկերացնում, որ ցանկանում եք շարունակել աշխատանքը տվյալ մասնագետի հետ։
ԿԱՐԵՎՈՐ
- Ազատ եղեք հարցեր տալու։
- Ազատ եղեք արտահայտելու ձեր հույզերն ու ապրումները։
- Շատ ցանկալի է անկեղծ լինել։
- Մի ակնկալեք վայրկյանական արդյունքներ։ Հոգեթերապիան պրոցես է, որը պահանջում է ժամանակ և ջանք։
Ձեզ նաև կարող է հետաքրքրել
Ինչպե՞ս ընտրել
հոգեբանին, ինչի՞ն ուշադրություն դարձնել և ինչպե՞ս զգալ՝ «սա ի՛մ հոգեբանն է»։...
Ինչպե՞ս հասկանալ
որ ունեք հոգեբանական աջակցության կարիք և ինչպես դիմել առաջին խորհրդատվության։...


