
Ինչպե՞ս ընտրել
հոգեբանին, ինչի՞ն ուշադրություն դարձնել և ինչպե՞ս զգալ՝ «սա ի՛մ հոգեբանն է»։
Հոգեբանին ընտրելը հեշտ չէ։ Դա մի մարդու ընտրություն է, ում պիտի կարողանաս վստահել ու ում ներկայությամբ՝ բացվել, չամաչել, հուզվել, վերհիշել բաներ, որոնք շատ քիչ մարդ գիտի։ Ու այդ ամենի հետ միասին զգալ, որ քեզ չեն դատում, չեն ուղղում, չեն պարտադրում։
Հոգեբան ընտրելիս առաջին կարևոր հարցը, որին պետք է պատասխանել՝ այդ մարդը հոգեբա՞ն է, թե՞ իրեն այդպես է ներկայացնում։ Սա կարող է հնչել որպես տարրական հարց, բայց այսօր, ցավոք, կարևոր է։ Նախքան այցելությունը կամ առաջին այցի ժամանակ պետք է հստակեցնել՝
- Ունի՞ ակադեմիական կրթություն հոգեբանության կամ խորհրդատվության ոլորտում
- Ի՞նչ որակավորումներ է ստացել
- Քանի՞ ժամ է անցել անհատական թերապիա (կամ անհատական թերապիա անցե՞լ է, թե ոչ)
- Աշխատե՞լ է արդյոք նմանատիպ խնդիրների հետ
- Անցնու՞մ է սուպերվիզիա
- Հաճա՞խ է մասնակցում վերապատրաստումների, աճո՞ւմ է որպես մասնագետ
Սրանք հարցեր են, որոնցից պետք չէ ամաչել։ Իսկ եթե մասնագետը խուսափում է այս հարցերին պատասխանելուց, գուցե հենց դա էլ այն պատասխանն է, որ փնտրում էիք իր դեպքում։
Հանդիպումների ընթացքում պետք է ուշադրություն դարձնել՝
- լսո՞ւմ է ձեզ մասնագետն առանց ընդհատելու
- հաճա՞խ է վերադառնում իր կյանքի պատմություններին, հայտնում իր կածիքները, թե՞ կենտրոնում դուք եք
- գնահատականներ տալի՞ս է, դատո՞ւմ է, թե՞ պահպանում է չեզոքություն
- կա՞ն վիրավորող կամ խրատական արտահայտություններ
- հարգու՞մ է ձեր սահմանները՝ ժամանակի, տարածության, որոշումների
Թերապիան այն տարածքն է, որտեղ դուք պիտի կարողանաք լինել այնպիսին, ինչպիսին կաք՝ առանց վախերի ու կասկածների։
Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ գտել եք ձեր հոգեբաին։ Սա շատ անձնական ապրում է, և այցելուն զգում է, երբ մի բան այն չէ։ Առաջին կամ երկրորդ հանդիպումից հետո հարցրեք ձեզ․
- Հանգի՞ստ էի արդյոք նրա ներկայությամբ
- Կարողացա՞ նայել աչքերի մեջ
- Հանդիպումից հետո չե՞մ զգում ինձ վատ, դատված, ամոթի զգացումով
- Ուզու՞մ եմ վերադառնալ
Եթե հստակ «ոչ» է կամ լուռ հրաժարվում է, գուցե արժի փնտրել մեկ այլ մասնագետի։ Սա անձնական հարաբերություն է, և ճիշտ հարաբերությունների դեպքում արդյունքը երկար սպասել չի տա։ Հարաբերությունն է թերապիայի հիմքը։ Ու եթե չկա վստահություն, չկա աշխատանք։
Ցավոք, երբեմն գիտակցումը ուշ է գալիս, և սխալ մասնագետը հասցնում է վնասել այցելուին՝ ավելի բարդացնելով հետագա ապաքինումն ու այլ մասնագետի դիմելը կամ նրա հետ աշխատելը։ «Մի վնասիր» սկզբունքն ավելի, քան կարևոր է, և ինչպես բժշկական սխալը կարող է վատթարացնել առողջական վիճակը, այնպես էլ սխալ հոգեբանը կարող է խորացնել խնդիրները։
Ձեզ նաև կարող է հետաքրքրել
Ի՞նչ սպասել
հոգեբանի հետ առաջին հանդիպմանը և ինչը պետք է պարտադիր իմանալ՝ այց գրանցելիս։...
Ինչպե՞ս հասկանալ
որ ունեք հոգեբանական աջակցության կարիք և ինչպես դիմել առաջին խորհրդատվության։...


